EconoMood տեղեկատվական հարթակը հոդվածների շարքով ներկայացնում է աշխարհում տարբեր երկրների կողմից կիրառվող միջոցառումները, ֆինանսական գործիքների տարբերությունները կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում․

Կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա օրեցօր ավելանում է․ որոշ գնահատականներով այն հանգեցնելու է տնտեսական ռեցեսիայի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի։ Փակվել են երկրների միջև սահմանները, դադարեցվել ուղևորահոսքերը, գրեթե բոլոր երկրներում կաթվածահար է եղել տնտեսական գործունեությունը, առանձին երկրներում հայտարարվել է արտակարգ դրություն․ այլ կերպ ասած համաշխարհային տնտեսությունը փակուղու մեջ է, իսկ թե որքան կտևի այս իրավիճակը, կախված է երկրների կողմից վարվող հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունից։

EconoMood-ը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառված ֆինանսական գործիքակազմը մարտի 25-ի դրությամբ։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարտի 12-ից սկսած արագացել է վարկվածների թիվը` մարտի վերջին հասնելով մոտ 55 հազարի, ինչ գերազանցում է մարտի առաջին կեսին գրանցված ցուցանիշը 55 անգամ:

Հարկ է ընդգծել, որ ԱՄՆ վարչակազմը երկրում կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով համազգային արտակարգ դրություն հայտարարեց մարտի 13-ին, իսկ մինչ այդ նման ռեժիմը գործել է մի շարք նահանգներում։ Թրամփի մեկնաբանմամբ, այդ որոշումը թույլ կտա արագ կարգով 50 միլիարդ դոլար հատկացնել համավարակի դեմ պայքարին։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն (այսուհետ՝ ԴՊՀ) այս ընթացքում իրականացնում է խթանող դրամավարկային քաղաքականություն, որի ժամանակագրությունն ու գործիքակազմը ներկայացված է ստորև․

Մարտի սկիզբ: ԱՄՆ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0,5 տոկոսային կետով: Վերաֆինանսավորման այսպիսի նվազեցում դեռևս չէր գրանցվել 2007-2008 թվականների տնտեսական ճգնաժամից ի վեր։ Բացի այդ, մարտի կեսերին ԴՊՀ-ն երկրորդ անգամ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով զրոյական մակարդակի (0-0.25%):

Մարտի առաջին կես: ԴՊՀ-ն օգտագործել է ռեպո գործիքը՝ տնտեսություն ներարկելով 1․5 տրիլիոն դոլար:

Մարտի կես: ԴՊՀ-ն կրճատել է տոկոսադրույքը, ինչպես նաև հետ է գնել 500 մլրդ դոլար պետական պարտատոմսեր և 200 մլրդ դոլար հիփոթեքային երաշխիքներ:

Մարտի կես: ԴՊՀ-ն կրկին ռեպո գործառույթներ է իրականացրել` ներարկելով տնտեսություն ևս 500 մլրդ դոլար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինն անգամ առաջարկել են քաղաքացիներին մինչև 1000 դոլար արժողության կտրոններ բաժանել:

Մարտի երկրորդ կես: ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Մնուչինը հայտարարել է, որ հաստատել է ԴՊՀ-ի Առևտրային վեքսիլների ֆինանսավորման ֆոնդի ստեղծումը, որը թույլ է տալիս ԴՊՀ-ին ստեղծել ընկերություն, որը կարող է գնել վեքսիլներ` կարճաժամկետ, ոչ ապահով վարկեր բիզեսի ամենօրյա ծախսերի, ինչպես նաև գանձապետարանից 10 մլրդ դոլար այս ծրագրի շրջանակներում վարկային կորուստները ծածկելու համար: ԴՊՀ-ն վերաներդրեց մեկ այլ գործիք, որը նորից կիրառել էր մեծ ճգնաժամի տարիներին. առաջնային վարկային մեխանիզմ, որը թույլ է տալիս դիլերներին ձեռք բերել գրավով վարկեր, որի դեպքում գրավ են հանդիսանում ՏԻՄ-ային պարտատոմսերը, կամ ներդրումային դիրք ունեցող պարտատոմսերը: Արդյունքում՝ ստեղծվում է դիլերների համար առաջնային վարկերի գործիք` առաջարկելով բանկերին կարճաժամկետ վարկեր: ԴՊՀ-ն հայտարարել է, որ իրացվելիության գործիքի նոր ծրագրի կիրառման մասին, որի միջոցով գումար է տրամադրվում բանկերին, որպեսզի վերջիններս գնեն ակտիվներ փողի շուկայից: Գանձապետարանն այս գործիքի ռիսկերի ծածկման համար նախատեսել է մինչ 10 մլրդ դոլար: Փոխառությունն այս ծրագրի արդյունքում կապիտալի պահանջների վրա ազդեցություն չի լինի: Այս ծրագիրը նախատեսված է մինչ սեպտեմբերի վերջ:

Մարտի վերջ: ԴՊՀ շարունակում է խթանող ԴՎՔ-ն` գնելով 625 մլրդ դոլարին համարժեք հիփոթեքային և այլ արժեթղթեր՝ ստեղծելով հատուկ կառույց, որի միջոցով կարող է գնել պարտատոմսեր կամ փոխառություններ, որոնք բանկերը տրամադրում էին խոշոր բիզնեսներին, ինչպես նաև մի շարք այլ գործիքներ:

Մարտի 25։ ԱՄՆ-ի Սպիտակ տունը և Սենատը համաձայնության են եկել կորոնավիրուսի հաղթահարման ուղղված 2 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթի շուրջ՝ գործարար միջավայրի և աշխատողների համար։ Նշենք, որ մարտի 23-ին Dow Jones ինդեքսը գրանցել է 1933թ.-ից հետո իր մեկօրյա ամենամեծ աճը (11.37%)՝ պայմանավորված ներդրողների՝ նշված օրինագծի հաստատման հետ կապված դրական սպասումներով։ Տնտեսությունը առողջացնելու փաթեթը նախատեսում է ամերիկացիների մեծամասնությանը ուղղակիորեն վճարումներ տրամադրել, ընդլայնել գործազրկության նպաստները և ներդնել 367 մլրդ դոլար արժողությամբ ծրագիր փոքր բիզնեսին աջակցության համար՝ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին աշխատավարձերի վճարման նպատակով։ Ավելի քան 500 մլրդ դոլար տրամադրվելու է առավել մեծ արդյունաբերական ընկերություններին երաշխավորված, սուբսիդավորվող վարկերի տրամադրման նպատակով։ Հիվանդանոցները նույնպես զգալի օգնություն կստանան։