Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար:

Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով եկամուտների ներգրավման և հանրային ներդրումների արդյունավետությունը և հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները և արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը:

Նոր վարկավորումը հաջորդում է թույլ կառավարման և կոռուպցիայի դեմ 2018 թ. անցկացված համատարած բողոքի ակցիաներին, որոնց գագաթնակետը խաղաղ և պատմական «թավշյա» հեղափոխությունն էր: Նորընտիր կառավարությունը, զինված փոփոխության իրականացման հզոր մանդատով, առաջադրեց հնգամյա բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է  մրցակցության բարելավումը և տնտեսական աճի խթանումը՝ միաժամանակ բավարարելով ժողովրդի՝ լավ կառավարման, թափանցիկության բարձրացման, հաշվետվողականության և արդյունավետ հանրային ծառայությունների պահանջները:

45.8 միլիոն եվրոն (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարը) հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14.5 տարի արտոնյալ և 25.5 տարի մարման ընդհանուր ժամկետով: