2019թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում իրականացված շինարարությունը կազմել է 344.7 մլրդ ՀՀ դրամ, որը 2018թ.-ի միևնույն ժամանակշրջանի համեմատ աճել է 4.5 տոկոսով:

Շինարարության ոլորտին ուղղված ֆինանսական միջոցների 43.5 տոկոսը տրամադրվել է կազմակերպությունների կողմից (ներառյալ օտարերկրյա ներդրողների կողմից տրամադրված միջոցները՝ 4.9 տոկոս), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.8 տոկոսով: Զգալի աճ են արձանագրել օտարերկրյա ներդրողների ֆինանսավորմամբ իրականացված շինարարության ծավալներում՝ շուրջ 14 տոկոս: Համեմատության համար նշենք, որ 2018թ.-ի 11 ամիսների ընթացքում 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացված շինարարության ծավալները նվազել էին  2 տոկոսով, իսկ օտարերկրյա ներդրողների կողմից՝ 60 տոկոսով: 2019թ.-ի հունվար-նոյեմբերին ավելացել է նաև ոլորտին՝ պետբյուջեից իրականացված հատկացումները՝ 6.2 տոկոս:

 

 

Շինարարության ոլորտում որոշակի աշխուժացումը հիմնականում պայմանավորված է եղել անշարժ գույքի շուկայի զարգացումներուվ և ճանապարհաշինության աճով: 

Անշարժ գույքի շուկայի վրա էական ազդեցություն է ունեցել հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումը, ինչի արդյունքում բնակարանների նկատմամբ պահանջարկն ավելացել է: Այդ մասին վկայում են նաև անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքները: Մասնավորապես 2019թ.-ի 11 ամիսների ընթացքում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 143 հազար 36 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  մոտ 8.9 տոկոսով, իսկ 2017թ.-ի համեմատ՝ մոտ 27.3 տոկոսով: Ակնկալվում է, որ այդ աճը շարունակվելու է նաև ընթացիկ տարում:

2019թ.-ի հունվարից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նորոգվել է 360 կմ ճանապարհ, իսկ 2020թ.-ին նախատեսվել է նորոգել 507 կմ ճանապարհ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ 2020թ.-ին շինարարության ոլորտում՝ ճանապարհաշինարարական աշխատանքները շարունակելու են մեծ տեսակարար կշիռ ունենալ:

Ընդհանուր առմամբ շինարարության ոլորտում նկատված աշխուժացումը շարունակվելու է նաև ընթացիկ տարում: