Վերջին օրերին տարածաշրջանային ակտիվությամբ պայմանավորված աշխուժացել են Հայաստան-Իրան հարաբերությունների մասին քննարկումները: Դեռևս 2018թ-ի մայիսին ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերսկսման և միջուկային պայմանագրից դուրս գալու մասին: Տրամաբանական է, որ աշխարհաքաղաքական նման զարգացումները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ ռազմավարական առումով չէին կարող շրջանցել Իրանի գործընկեր պետություններին` այդ թվում նաև ՀՀ-ին: Քննարկումները առավելապես ավելացան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ կատարած այցից հետո: Այնուհետև Հայաստանում սկսվեցին շրջանառվել լուրեր այն մասին, որ Իրանի քաղաքացիների բանկային հաշիվները չեն սպասարկվում, իսկ Իրանով անցնող բեռների գները թանկանում են։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս են փոխվել հայ-իրանական տնտեսական հարաբերությունները ԱՄՆ հայտարարած պատժամիջոցներից հետո։

Պատժամիջոցների առաջին ազդակը. պատմական ակնարկ

2018թ-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցի ժամանակ այցելեց նաև Հայաստան: Բոլթոնի իրականացրած այցը պատահական չէր կարող լինել, հաշվի առնելով նաև, որ այն վերջին տասնամյակներում ամերիկյան ամենաբարձր մակարդակի այցն էր ՀՀ: ՀՀ  կատարած այցի ժամանակ Ջոն Բոլթոնը հանդիպել է Ն. Փաշինյանի հետ՝ քննարկվել են նաև հայ-իրանական հարաբերությունները: Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, և այդ առումով հայ-իրանական սահմանը լուրջ խնդիր կլինի: Բոլթոնի այցից հետո ԶԼՄ-ներում սկսվեցին քննարկվել պայմանավորվածությունների վերաբերյալ տարբեր հիպոթեզներ, ինչին ի պատասխան վարչապետը հայտարարեց, որ ելնելով աշխարհաքաղաքական դրությունից` ՀՀ-ն կունենա լավ հարաբերություններ Վրաստանի և Իրանի հետ, ինչի մասին էլ նա ասել է Բոլթոնին: 

Բոլթոնի այցին անմիջապես հաջորդեցին իրանահայերի  ահազանգերը առ այն, որ բանկերը հրաժարվում են սպասարկել իրենց հաշիվները, ոմանք նույնիսկ չէին կարողանում ԻԻՀ գումար փոխանցել կամ ստանալ: ՀՀ-ում բնակվող իրանահայ Արգին Ղարախանյանի խոսքով՝ Իրանի քաղաքացիները ցանկանում էին նաև բողոքի ակցիա իրականացնել: Խնդիրը ստացել էր այնպիսի հնչեղություն ու տարածում, որ  ԿԲ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ ԿԲ-ն որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով բանկերին չի արգելել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին սպասարկելը: Արգին Ղարախանյանի խոսքով՝ ԿԲ հայտարարությունից հետո բանկերը, որոշակի վերապահումներով, բայց սկսեցին սպասարկել ԻԻՀ քաղաքացիների հաշիվները:

Թվում էր, թե այսքանով վերջացան պատժամիջոցների բացասական հետևանքները ՀՀ-ի համար, սակայն հայ փոխադրողների կողմից տեղեկատվություն ստացվեց, որ Իրանի տարածքով լաստանավային փոխադրումների դեպքում կոնտեյներների ծառայության գները թանկացել են՝ մեկ կոնտեյների հաշվարկով մոտ 1400 դոլարով: Տեղեկատվության իսկությունը պարզելու համար կապվեցինք բեռնափոխադրող ընկերությունների հետ: «ԷՔՍՊՐԵՍ ԿՈՒՐԻԵՐ» ՍՊԸ-ից տեղեկացրին, որ Իրանական W5 ավիաընկերությունը դադարեցրել է Թեհրան-Երևան օդային բեռանափոխադրումները, իսկ այլընտրանքային ճանապարով բեռափոխադրումների արժեքը 32%-ով ավելի թանկ է: Մեկ այլ բեռնափոխադրող ընկրության տվյալներով՝ պատժամիջոցների կիրառումից հետո Չինաստանից Հայաստան եկող ապրանքները, որոնք նախկինում գալիս էին Բանդարաբասով, հիմա 60%-ը գալիս է Փոթիի նավահանգստով: ԻԻՀ տարածքով ՀՀ ապրանքները մեծամասամբ գալիս են Չինաստանից, Հնկաստանից և ԱՄԷ-ից: Եվ, ինչպես տեղեկացանք հայկական բեռնափոխադրող ընկերություններից, Իրանի տարածքով շատ քիչ հայկական ընկերություններ են բեռափոխադրումներ իրականացնում. հայկական բեռնափոխադրողները հիմնականում աշխատում են Փոթիի նավահանգստի հետ, ում հետ բեռնափոխադրումների վերաբերյալ նախապես համաձայնեցված գներ ունեն, ուստի պատժամիջոցների ազդեցությունը նրանց վրա այդքան էլ էական չի եղել: 

Իրան-Հայստան ուղևորափոխադրումներ իրականացնում էր իրանական «Mahan Air» ավիաընկերությունը, ով պատժամիջոցների կիրառումից որոշ ժամանակ անց  դուրս եկավ հայկական շուկայից: 2019թ-ի հունիսից հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսեց իրականացնել թռիչքներ Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ: Այց պահին «Արմենիա Էյրվեյզ» ը միակ ընկերությունն է, որ կատարում է Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ թռիչքներ:

Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը.

ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 5-րդ տեղում է: Հայաստանից Իրան արտահանման առյուծի բաժինը պատկանում է էլեկտրաէներգիայի արտահանմանը, որին 2017թ-ին բաժին է ընկել արտահանման 70%-ը,  իսկ 2018-ին՝ 84%-ը:

ՊԵԿ տվյալների համաձայն՝ 2017թ-ին ԻԻՀ-ից ՀՀ է ներկրվել 181,313 հազ ԱՄՆ դոլլարի ապրանք, իսկ 2018թ-ին՝  276,668 հազ ԱՄՆ դոլլարի: Նավթամթերքի ներկրումը 2017թ-ին կազմել է ներկրման 31%ը, որը պահպանվել է նաև 2018թ-ին: Բարձր են նաև պոլիէթիլենի  և նավթային կոքսի ներկրման ծավալները` 6%: 


 

Եթե դիտարկենք վերջին 5 տարիների ընթացքում ներմուծման և արտահանման դինամիկան, կտեսնենք, որ արտահանման և  ներմուծման ծավալները ոչ միայն չեն նվազել 2017-2018թթ-ին, այլ ավելին՝ վերջին 5 տարիների ընթացքում ունեցել են ամենաբարձր աճը. ներմուծումն աճել  է 52%-ով, իսկ արտահանումն ավելացել է շուրջ 40%-ով, որը մեծապես պայմանավորված է 67% էլեկտրաէներգիայի արտահանման ավելացմամբ:

 

 

2019թ-ի առաջին կիսամյակում ՀՀ-ից ԻԻՀ է արտահանվել 33589.6 հազ. ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2018թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է շուրջ 32%-ով: Նվազումը մեծամասամբ պայմանավորված է շոկոլադի, հացաբուլկեղենի, հանքային վառելանյութի և անտառանյութի արտահանման նվազումով: Սակայն 2019-ի առաջին կիսամյակում ավելացել է ԻԻՀ-ից ներմուծումը՝ կազմելով 132351.6 հազ ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 29%-ով: Մասնավորապես 2019-ին ավելացել է ցեմենտի, արհեստական քարից կամ ցեմենտից պատրաստված ապրանքների և սինթետիկ մանրաթելերի ներմուծումը: Միևնույն ժամանակ կրճատվել է նավթային գազի ներկրումը:

Նմանատիպ պատկեր կստանանք նաև 2017-2019թթ.(2019թ-ի համար ներկայացված է 01.01.2019-31.05.2019թթ տվյալներ) ընթացքում ՀՀ-ից Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային տարածքով դեպի երրորդ երկրներ արտահանված ապրանքների ծավալների համար՝

 

ԻԻՀ մաքսային տարածքով դեպի երրորդ երկրներ արտահանված ապրանքների ծավալները 2018թ-ի 1-ին կիսամյակում 2017թ-ի 1-ին կիսամյակի համեմատ աճել են 17%-ով, իսկ 2-րդ կիսամյակում՝ 15%-ով: 2019-ի տասնմեկ ամսվա տվյալներով ևս ՀՀ-ից դեպի Իրան արտահանման ծավալները կրճատվել են՝ մոտ 15%-ով:

2017-2019թթ. ընթացքում Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային տարածքով երրորդ երկրներից ՀՀ ներմուծված ապրանքների ծավալները 2018թ-ի 1-ին կիսամյակում 2017թ-ի 1-ին կիսամյակի համեմատ աճել են 15%-ով, իսկ 2-րդ կիսամյակում նվազել են 15%-ով: 

 

Իրան-Հայաստան դրամական փոխանցումներ

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերսկսումից հետո չէին դադարում Իրանի քաղաքացիների ահազանգերն առ այն, որ ՀՀ բանկերը չեն սպասարկում իրենց հաշիվները: Խնդիրը բարձրաձայնվեց անգամ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ժամանակ, որի ընթացքում վարչապետը նշեց, որ կառավարությունը բանկին չի կարող պարտադրել, որպեսզի այն Իրանի քաղաքացիներին կամ այլ անձանց վարկ տրամադրի։ 

Ստորև ներկայացված են 2017–2019 թթ. ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ից դեպի Իրան և հակառակ ուղղություններով կատարված դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները՝ եռամսյակային կտրվածքով:


 

 

Ինչպես պարզ է դառնում գրաֆիկներից, Իրանի քաղացիների բողոքները անհիմն չէին: Իսկապես, եթե դիտարկենք օրինակ ֆիզ. անձանց կողմից իրականացրած փոխանցումները՝ 2018թ-ից սկսած, երբ արդեն լարվել էին ԱՄՆ-Իրան հարաբերությունները, իրականացված փոխանցումների ծավալը կտրուկ նվազեց, իսկ արդեն 2018թ-ի 2-րդ եռամսյակից սկսած՝ երբ կիրառվեցին պատժամիջոցները, փոխանցումների ծավալները շարունակեցին մնալ նույն՝ ստաբիլ ցածր մակարդակի վրա:

Սակայն, ինչպես փաստում են իրանահայ քաղաքացիները, այս խնդիրները վերացել են, և նրանք այժմ կարողանում են առանց խոչընդոտների իրականացնել իրենց դրամական փոխանցումները:

Իրանից Հայաստան եկած անձանց քանակը

ԻԻՀ -ի և  ՀՀ-ի միջև զարգացած է նաև զբոսաշրջությունը: ՎԿ-ի տվյալների համաձայն՝ Իրանից Հայաստան եկող ԻԻՀ քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկների թվով 3-րդն են՝ իրենցից առաջ թողնելով ՀՀ և ՌԴ քաղաքացիներին: Ստորև ներկայացված են Իրանից Հայաստան ժամանումները 2009-2018թթ.: Տեղեկատվությունը՝ ըստ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության:

Տարեթիվ

Ժամանումներ

Աճը նախորդ տարվա համեմատ

2009

87214

 

2010

120863

38.5%

2011

134063

10.9%

2012

111028

-20%

2013

94736

-17%

2014

116324

22.7%

2015

144160

24%

2016

188851

31%

2017

220147

16.6%

2018

160645

-27%


Հարկ է նկատել, որ վերջին 5 տարների ընթքցքւմ միայն 2018թ-ին է, որ արձանագրվել է բացասական սալդո: Սակայն սա պետք է կապել ոչ թե Հայաստան-Իրան հարաբերությունների վատթարացման, այլ Իրանի տարածքում բնակչության տնտեսական վիճակի հետ:

Հայաստան-Իրան համագործակցություն

ԻԻՀ-ն եղել է և շարունակում է մնալ ՀՀ-ի համար տնտեսական և ռազմավարական կարևոր դաշնակից: 2018թ-ի դրությամբ Հայաստանում գրանցված է ավելի քան 5000 իրանական ընկերություն: 2017թ-ին դեպի ԻԻՀ արտահանումը կազմել է ընդհանուր արտահանման 3.5%-ը, 2018՝ 4.5%-ը: Ներմուծումը՝ 2017-ին 4.3%-ը, 2018-ին 5.6%-ը: Վավերացվել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը ԵԱՏՄ անդամ-երկրների և ԻԻՀ-ի միջև, քննարկվում են «Պարսից ծոց - Սև ծով ճանապարհային միջանցք»-ի կառուցումը, ՀՀ և ԻԻՀ տարածքով մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումների ակտիվացումը,  և մի շարք այլ խոշոր ծրագրեր: Հատկանշական է, որ վերջերս Պեկինում Հայաստանի և Չինաստանի վարչապետերը քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրերը, որի ընթացքում Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունն այս հարցերում: 

Ամփոփելով կարող ենք ասել, որ 2018թ-ի պատժամիջոցներից հետո հայ-իրանական տնտեսական հարաբերություններում գրանցվել են որոշակի անկումներ, սակայն Իրանի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները էական բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վրա: Պետք է նշել, որ սա ազդակ է մեզ համար առավելագույնս օգտվելու ԵԱՏՄ շրջանակներում գործող ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի տված հնարավորություններից:
 

Հեղինակ՝ Մանե Միքայելյան