2019 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշները դեռևս չեն ամփոփվել, սակայն պետական պարտքի գծով 11 ամիսների ցուցանիշները դիտարկելիս նկատվում են որոշակի դրական միտումներ:

2019 թվականի հունվար-նոյեմբերի ընթացքում նկատվել է պետական պարտքի կառուցվածքի համամասնությունների փոփոխություն. տարվա առաջին 11 ամիսների ընթացքում  ներքին պետական պարտքի դինամիկան աճողական բնույթ է ունեցել, այն ժամանակ, երբ արտաքին պարտքը առաջին 4 ամիսների ընթացքում նվազել է, իսկ մնացած 7 ամիսների ընթացքում եղել է տատանողական։  

 

 

2019 թվականի նոյեմբերին պետական պարտքը կազմել է  մոտ 7.2 մլրդ դոլար, որը տարվա սկզբի համեմատ ավելացել ընդամենը 3 տոկոսով, այդ թվում արտաքին պարտքն աճել է 1.3 տոկոսով, այն դեպքում, երբ ներքին պարտքն ավելացել է մոտ 10 տոկոսով։ Այսպիսով, չնչին փոփոխություն է նկատվել արտաքին պետական պարտք/համախառն պետական պարտք, ներքին պետական պարտք/համախառն պետական պարտք հարաբերակցությունների գծով։  

 

2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական պարտքի գծով վճարել է մոտ 320 մլն դոլար, որից 144 մլն դոլար եղել է ներքին պարտքի գծով, իսկ մնացածն՝ արտաքին պարտքի գծով։ Պարտքի գծով վճարված տոկոսավճարների մեծ մասը  բաժին է ընկել պարտատոմսերի գծով ձևավորված տոկոսավճարներին՝ կազմելով ամբողջ վճարումնների 70 տոկոսը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա ընթացքում դրամը շարունակել է կայունանալ, իսկ ՀՀ պետական պարտքի մեջ բավականին մեծ տեսակարար կշիռն ունի հենց արտաքին պարտքը՝ կարելի է նշել, որ բացի նրանից, որ ներքին պետական պարտքն սկսել է աճել արտաքին պարտքից առաջանցիկ տեմպերով, կարևոր է նաև, որ դրամի կայունանալու արդյունքում արտարժույթով պարտքի գծով մարումների ճնշումը նվազել է։ 

Տարվա ընթացքում փոփոխություն է նկատվել նաև պարտքի մինչև մարումը մնացած միջին կշռված ժամկետի գծով. 2019 թվականի սեպտեմբերից հետո սկսած մինչև  վերջինս դինամիկան եղել է աճող և նոյեմբերին վերջինս կազմել է մոտ 9 տարի, որը հիմնականում պայմանավորված է եղել 2019 թվականին եվրապարտատոմսերի թողարկմամբ, որի միջոցով 2020 թվականին մարման ենթական եվրապարտատոմսերը փոխարինվեցին նոր ավելի էժան եվրապարտատոմսերով, ինչի արդյունքում վերջինիս գծով պարտքի բեռը չմեծացավ, սակայն  պարտքի մարման տարին երկարաձգվեց։   

Ցանկացած երկիր պետական պարտքը ձևավորում է որոշակի ծախսեր հոգալու համար և փոխառությունները համարվում են ավելի արդյունավետ, երբ վերջիներս նպատակային են լինում։ 2019 թվականին պետական նպատակային վարկերը կազմել են 167 մլն դոլար, այն ժամանակ, երբ բյուջետային աջակցման վարկերը կազմել են ընդամենը 1.7 մլն դոլար։

2019 թվականի ընթացքում բացի պետական պարտքի աճի տեմպի դանդաղումից, դրական տեղաշարժ է նկատվել պարտքի կառուցվածքում՝ վարած քաղաքականության և պարտքի նպատակային լինելու առումով։