Ներդրումների անհրաժեշտ մակարդակի ներգրավման և արտահանման խթանման միջոցով հնարավոր կլինի իրականացնել իշխանության կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հրապարակած Հայաստանի՝ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցում: Փաստաթղթում ներառված են խորհրդատվական առաջարկություններ՝ կապված ներդրումային միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման և արտահանման խթանման հետ:

Զեկույցում կարևորվել է ՀՀ կառավարության կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» գաղափարը, որի էությունը բարեփոխումների միջոցով աղքատության և գործազրկության հաղթահարումն է: Ըստ զեկույցի՝ Հայաստանն առաջիկա 10-20 տարիների ընթացքում կարող է ապահովել մի քանի միլիարդ դոլարի համարժեք հավելյալ արտահանում, եթե մի շարք ոլորտներում ապահովվեն ներդրումների անհրաժեշտ մակարդակ: Ներդրումների ներգրավման, արտահանման խթանման միջոցով հնարավոր կլինի իրականացնել իշխանության կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը:

Ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում մեծ ներուժ ունեցող ոլորտներից են բարձր տեխնոլոգիաները (արհեստական բանականություն, տվյալագիտություն և բարդ տեխնոլոգիաներ), զբոսաշրջությունը, տեքստիլի ու հագուստի արտադրությունը, գինեգործությունը, ագրոբիզնեսը և դեղագործությունը:

Զեկույցը, վերլուծելով ներդրումային դաշտը կարգավորող իրավական և հարկային օրենսդրությունը, կատարել է ռազմավարական վերլուծություններ այն մասին, թե ինչպես խթանել արտահանումը և ավելացնել արդյունավետ ներդրումային հոսքերը դեպի Հայաստան։ Հանձնաժողովն ընդգծել է, որ անհրաժեշտ է իրականացնել ներդրումային միջավայրի բարեփոխումներ և խթանել ներառական աճը։ Մասնավորապես՝ տնտեսության կառուցվածքային վերափոխման միջոցով աղքատության և գործազրկության դեմ պայքարի Կառավարության տեսլականին հասնելու համար կպահանջվի ներդրումային քաղաքականության բարեփոխումներ և ներդրումների խթանման ավելի նշանակալի ջանքեր գործադրել:

Ըստ զեկույցի՝ Հայաստանին առաջարկվում է երկրի ներսում ստեղծվող ավելացված արժեքը մեծացնել հագուստի և տեքստիլի արդյունաբերության ամբողջական շղթայի միջոցով, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում ավելացնել Երևանից դուրս գտնվող սպասարկող տարածքները։ Կարևորվել է նաև զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, և դարձնել Հայաստանը առաջատար հաբ՝ տվյալների վերլուծության, նորարարությունների և արհեստական բանականության համար, ինչպես նաև դեղագործական արդյունաբերության ոլորտում ընդլայնել հետազոտությունների և զարգացման կարողությունները՝ մեծացնելով նշված ոլորտում արտադրությունը։