Ի՞նչ է լինում, երբ տնտեսությունը կանգ է առնում մի քանի շաբաթով կամ ամսով՝ առողջապահական կամ, թեկուզ, մեկ այլ պատճառով։ Տնտեսությունը կանգնեցնելն ամենևին էլ նման չէ էլեկտրական լամպ անջատելուն: Դա ավելի շատ նման է միջուկային ռեակտոր անջատելուն. կա՛մ դա կանես աստիճանաբար ու զգուշորեն, կա՛մ էլ ռեակտորը կհալչի։

Ջոն Հ. Քոքրեյն(1)

 

2019 թվականի տարեվերջից «աշխարհի ուրվականը» դարձած COVID-19 համավարակը շուրջ 8 ամիս է շարունակում է մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, «վազելով» մարդկային ճակատագրերի, տարբեր երկրների կառավարությունների և համաշխարհային տնտեսության հետևից, հաճախ ետևում թողնելով վերջիններիս։ Չանդրադառնալով համաճարակաբանական վիճակին, փոքրիկ ակնարկ կատարենք ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական իրողություններին, որը կարծես ուրվագծում է ոչ այնքան բուն ճգնաժամն, այլ հետճգնաժամային զարգացումները։
Լայն առումով, ճգնաժամերին հաջորդում են մեծ և խորը հետևանքներ։ 1930-ական թվականների Մեծ Դեպրեսիան խթանեց ազգայնականությանը, մեկուսացմանը և Ֆաշիզմի դրսևորմանը, նախադրյալներ ստեղծեց Երկրորդ աշխարհամարտի համար, ինչպես նաև հանգեցրեց Միացյալ Նահանգների՝ որպես գերտերության վերելքին, ապագաղութացմանը (2)։ Ձևավորված երկբևեռ աշխարհակարգի «փլուզմանը» ահա, նպաստեց 1989 թվականին Բեռլինյան պատի փլուզումը, որը խորհրդանշեց Սառը պատերազմի ավարտը, և միաբևեռ աշխարհակարգի ձևավորումը ԱՄՆ գերիշխանությամբ։ Միաբևեռ աշխարհակարգը հարթ և կայուն չէր, և ուղեկցվում է արմատականության, ծայրահեղականության, ահաբեկչության դրսևորումներով, ներպետական ռազմական առճակատումներով, իսկ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո հատկապես ներքաղաքական դաշտում պոպուլիստական և հեղափոխական էյֆորիկ իրողություններով։ Արդյունքում, COVID-19 համավարակի համաշխարհային ճգնաժամը, կարծես արագացնելով արդեն սկսված աշխարհաքաղաքական պրոցեսները, կանխորոշում է միաբևեռ աշխարհակարգի տրանսֆորմացիան բազմաբևեռ աշխարհակարգին, համաշխարհային տնտեսության գլոբալիզացման գործընթացը ընդհանուր առմամբ փոխարինելով «ռեգիոնալացման»։ Աշխարհի թվացյալ բարձր ինտեգրվածությունը և խորը գլոբալիզացվածությունը փաստորեն լոկ պատրանքն էին, որի լավագույն օրինակն է ԵՄ միասնականության «որոշակի պառակտումը» պայմանավորված կորոնավիրուսային ճգնաժամով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյնի խոսքերով, երբ Եվրոպան ամենից շատ կարիք ուներ առաջնորդվելու «բոլորը մեկի համար» ոգով, շատերը որդեգրեցին «միայն ինձ համար» սկզբունքը։ Երբ Եվրոպան կարիք ուներ ապացուցելու, որ սա պարզապես միայն «պայծառ եղանակի ժամանակ գործող միություն չէ», շատերը հրաժարվեցին կիսել իրենց հովանոցը (3)։ Կորոնավիրուսը կարծես քաղաքական սթրես-թեստ էր մի շարք պետությունների և տարածաշրջանների համար, ինչի արդյունքում, արդեն իսկ դրսևորված բազմաբնույթ միջպետական փոխհարաբերությունները անհետևանք չեն մնա հետճգնաժամային փուլում, և կփոփոխեն արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերությունները, կանխորոշելով աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ։ Նշենք միայն, որ օրինակ համավարակով պայմանավորված ԵՄ սահմանների փակման ու սահմանային ստուգումների մասին, ԵՄ ամենաազդեցիկ պետություններից մեկի՝ Գերմանիայի կանցլերը մտավախություն է հայտնել, որ լիովին վստահ չէ, որ համավարակի հաղթահարումից հետո սահմանային ստուգումները կրկին կվերացվեն (4)։ Մտահոգիչ է նաև կորոնավիրուսի երբեմնի էպիկենտրոն Իտալիայի համար օրհասական և դժվարին պահին, եվրոպական մյուս, հարևան երկրների «սառը և անտարբեր» պահվածքը, ընդհուպ մինչև Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից բժշկական պարագաների արտահանման արգելքը և որ ամենահետաքրքրականն է այս համատեքստում, Իտալիային առաջինը Չինաստանի մեկնած օգնության ձեռքը։ Եվ սա ոչ այլ ինչ է, քան քաղաքագետ Սամուել Հանթինգթոնի 20-րդ դարավերջին արված կանխատեսումների իրավացիության ապացույց, որտեղ նա մասնավորապես պնդում էր, որ տնտեսական արագ աճի շնորհիվ, չինական քաղաքկրթությունն իր արժեհամակարգով Արևմուքտի նկատմամբ կամրապնդի սեփական դիրքերը (5)։ Աշխարհակարգային փոփոխությունների համատեքստում ուշագրավ է նաև համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի երկակի բնույթը, որով նա տարբերվում է նախորդ ճգնաժամերից։ Իրական հատվածում մի կողմից առկա է առաջարկի, իսկ մյուս կողմից պահանջարկի շոկեր, և այս ամենից անմասն չեն կարող մնալ նաև ֆինանսական շուկաներն ու ինստիտուտները։ COVID-19 համավարակի տարածման ներկայիս փուլում, երբ այն աշխարհի տարբեր մասերում ունի տարբեր դրսևորումներ, և շարունակում է անակնկալներ մատուցել առողջապահական հանրությանը, բացի դա պանդեմիայի հավանական համաշխարհային երկրորդ ալիքի մասին մասնագիտական դեբատները, թույլ են տալիս հիմնավոր կերպով պնդել, որ դեռևս անհնար է տալ համաշխարհային տնտեսության և առանձին տնտեսությունների և շուկաների վրա ճգնաժամի ազդեցության թե՛ քանակական, թե՛ որակական և ավարտուն գնահատականներ։ Սակայն համապարփակ կերպով կարող ենք նշել, որ համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի առաջին արձագանքը տվել են տնտեսական ցուցանիշները, բորսայական ինդեքսները, հումքային ակտիվների գները և այլն։ Մասնավորապես՝ Morgan Stanley Capital International (MSCI) World Index բորսայական ինդեքսն 2020թ. սկզբից 2.2% աճից հետո արձանագրել է սկզբում 10.7%, ապա՝ 17.5% անկում։ 2020թ. մարտին անկումներ են արձանագրվել նաև ամերիկյան NASDAQ 100 (մինչև -12.4%) և S&P 500 (-14.9%), շվեյցարական SMI (-14.4%), հոնկոնգյան Hang Seng (-14.7%), սինգապուրյան STI (-18.1%), ճապոնական Nikki 225 (-19.4%), Միացյալ Թագավորության FTSE 100 (-21.4) և հարավկորեական KOSPI (-22%) ինդեքսները (6): Համավարակի համաշխարհային տարածման մեկնարկին զուգընթաց նավթի առաջարկն ուղեկցվում էր վերջինիս նկատմամբ պահանջարկի կրճատմամբ։ Այս հանգամանքով պայմանավորված 2020 թ. մարտի 4-6-ը «ՕՊԵԿ+» անդամ երկրները Ավստրիայում հրավիրեցին արտահերթ համաժողով, և որպես կարճաժամկետ միջոցառում ներկայացվեց նավթի արդյունահանման ծավալների կրճատումը, որը նպատակ ուներ կասեցնելու նավթի գնանկումը համաշխարհային շուկայում (7)։ Սակայն ՌԴ կողմից այս նախաձեռնությունը մերժվեց, և ֆոնդային բորսաներում նավթի գները մեկ օրում նվազեցին շուրջ 30%-ով։ Ինչպես նշում է Բ. Մակնալլին, նավթի համաշխարհային շուկայում տեղ է գտել նավթի գների վրա ազդող գործոնների հազվադեպ պատահող համադրություն. մի կողմից՝ նավթի արդյունահանման ծավալների աճ (առաջարկի շոկ), մյուս կողմից՝ COVID-19-ի հետևանքով, նավթի սպառման ծավալների կրճատում (պահանջարկի շոկ)։ Վերջին անգամ նման համադրություն երևան էր եկել 1930-ական թթ. Մեծ ճգնաժամի տարիներին (8): Brent և WTI տեսակի նավթի գները մարտի 9-ին անկում ապրեցին 12,44 ԱՄՆ դոլարով, կազմելով համապատասխանաբար՝ 32,83 և 28,84 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց (9)։ Նավթի գների անկումը շղթայական ռեակցիայով ազդեց նաև ազգային արժույթների վրա, ընդհանուր առմամբ արժեզրկելով դրանք։ Մասնավորապես ռուսական ռուբլին մարտի ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց մինչև 18%, նույն ժամանակահատվածում՝ ղազախական տենգեն արժեզրկվեց 17,0%-ով, բելառուսական ռուբլին՝ 17,2%-ով, ղրղզական սոմը՝ 14,1%-ով, իսկ հայկական դրամը՝ 3,39%-ով (10)։
Թե՛ կառավարությունները՝ ֆիսկալ, և թե՛ Կենտրոնական բանկերը (մոնետար կարգավորողները)՝ մոնետար գործիքակազմով, համավարակի տարածմանը զուգընթաց սկսել են իրականացնել խթանող քաղաքականություն, սակայն այստեղ ևս առկա են որոշ խնդիրներ, մասնավորապես՝ տնտեսության իրական հատված ներարկված միջոցները, որոնք առանձին տնտեսությունների օրինակով հասնում են ահռելի չափերի, մեծամասամբ չեն ուղղվում ընթացիկ սպառմանը, և ամբողջական պահանջարկի անկումային տրամադրությունները շարունակում են գործել։ Այս համատեքստում կարող ենք հիշել ԱՄՆ 40-րդ նախագահ Ռեյգանի առաջին երդմնակալության ուղերձի այն միտքը, որ «կառավարությունը մեր խնդրի լուծումը չէ. կառավարությունը խնդիրն է» (11)։
Վերը նշված ցուցանիշները մի մասն են միայն, և կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի դրսևորման մի դրվագը, սակայն կարող են համապարփակ պատկերացում տալ ճգնաժամի ընդհանուր բնույթի, խորության և մուլտիպլիկատիվ դրսևորումների մասին, որոնք պետք է էլ ավելի սևեռեն տնտեսական քաղաքականություններ մշակողների ուշադրությունը հետճգնաժամային ստագնացիայի փուլում, հաղթահարելու համար ճգնաժամի «հարվածները» և դիրքավորելու ազգային տնտեսությունները նոր աշխարհակարգում և համաշխարհային տնտեսական զարգացումների նոր իրողությունում։

 

Գրականության ցանկ

1․ John H. Cochrane, Coronavirus monetary policy, Economics in the Time of COVID-19, CEPR Press. Mar 6, 2020, p. 105։ https://voxeu.org/content/ economics-time-covid-19.
2․https://www.foreignaffairs.com/articles/world/2020-06-09/pandemic-and-political-order
3․ Speech by President von der Leyen at the European Parliament Plenary on the European coordinated response to the COVID-19 outbreak։ https:// ec.europa.eu/commission/presscorner/detail/en/speech_20_532
4․ EU to Ban Most Foreign Travelers for 30 Days to Curb Virus, 2020, March 17, New York Times։ https://www.nytimes.com/aponline/2020/03/17/world/europe/ap-eu-virus-outbreak-europe.html
5․https://www.cambridge.org/core/journals/american-political-science-review/article/clash-of-civilizations-and-the-remaking-of-world-order-by-samuel-p-huntington-new-york-simon-and-schuster-1996-368p-2500/670FF29A16172704619EA431087719FD
6․ ԱՄԲԵՐԴ, Ա․ Փախլյան, Կորոնավիրուս. մոտալուտ համաշխարհային ճգնաժամի առաջին ազդակները
7․ Сделка ОПЕК о сокращении добычи нефти сорвалась. Цены на нефть обвалились
8․ Oil price crash sends global stocks tumbling, The Financial Times Limited, 2020.
9․ https://index.minfin.com.ua/markets/oil/brent/2020-03/
10․ https://asue.am/upload/files/amberd/
11․https://www.foreignaffairs.com/articles/world/2020-06-09/pandemic-and-political-order

 

Հեղինակ՝ Արման Թադևոսյան