Ներկայացնում ենք ԵՊՀ ուսանող Մարիամ Գրիգորյանի հոդվածը, որը «Երիտասարդ տնտեսագետներ» նախագծի շրջանակներում անցկացված մրցույթի լավագույն հոդվածներից մեկն է։

 

2019 թվականի վերջին Չինաստանում բռնկվեց և հետագայում ողջ աշխարհով մեկ տարածվեց COVID-19-ը՝ կորոնավիրուսային նոր հիվանդությունը։

2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) զեկուցվել էին անհայտ պատճառներով թոքաբորբի 59 դեպք Չինաստանի Ուհան քաղաքում (1): Հունվարի 9-ին արդեն ԱՀԿ-ն հայտնեց, որ թոքաբորբերի բռնկման պատճառը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությունն է։ Հունվարի 13-ին Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնեց Չինաստանից դուրս կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատման մասին։ 3 օր անց Ճապոնիայում գրանցվեց Չինաստանից դուրս երկրորդ դեպքը: Հունվարի 21-ին ԱՄՆ-ն հայտնեց երկրում գրանցված առաջին դեպքի մասին (2)։

Հունվարի 23-ի դրությամբ արդեն ամբողջ աշխարհում կար CՕVID-19-ի հաստատված 844 դեպք, փետրվարի 1-ի դրությամբ արդեն 14551 դեպք։ Ընդամենը մեկ ամիս անց՝ մարտի 1-ի դրությամբ հաստատված դեպքերի քանակը կազմել է 88590։ Տարածման տեմպից անհանգստացած՝ ԱՀԿ-ն մարտի 11-ին COVID-19-ը գնահատեց որպես պանդեմիա։

Արժեթղթերի շուկայում ընդհանուր վիճակը հասկանալու տեսանկյունից կարևոր է մի շարք ֆոնդային ինդեքսների փոփոխությունների ուսումնասիրությունը։ Ֆոնդային ինդեքսները ցույց են տալիս խոշորագույն ընկերությունների զարգացման միտումները։ Այդպիսի առավել հայտնի ցուցանիշներն են Դոու-Ջոնսի արդյունաբերական միջին և S&P 500 ինդեքսները։

Դոու-Ջոնսի ինդեքսում (Դոու-Ջոնսի արդյունաբերական միջին) ներառվում են ամերիկյան 30 խոշորագույն ընկերությունների (ինչպիսիք են օրինակ՝ Apple, Boeing, Coca-Cola, Disney, IBM, Johnson & Johnson, Microsoft, McDonald's, Nike ընկերությունները և այլն) բաժնետոմսերի գները։ Ինդեքսը հաշվարկելու համար այդ գները գումարվում են և բաժանվում Դոուի բաժանարարի վրա։

S&P 500 ինդեքսը ներկայացնում է Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը։ Այն հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ԱՄՆ ֆոնդային բորսաներում ցուցակված 500 խոշորագույն ընկերությունների տվյալները (505 բաժնետոմսերի տվյալներ)։

S&P 500 ինդեքսը, ի տարբերություն Դոու-Ջոնսի արդյունաբերական միջինի, հաշվարկվում է միջին կշռված կապիտալիզացիայի սկզբունքով, այսինքն՝ ավելի մեծ շուկայական կապիտալիզացիա ունեցող ընկերությունները ավելի մեծ դեր ունեն ինդեքսում։ S&P 500 ինդեքսը դիտարկելով 5-6 ամսվա կտրվածքով պարզ է դառնում, որ փետրվարի սկզբին (03.02.2020) այն եղել է 3248,92, մարտի սկզբին (03.03.2020)՝ 3003,37` նվազելով 7,6%-ով (4): Տարեսկզբից սկսած առ 29.06.2020-ը ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 19.02.2020-ին՝ 3386,15, ամենացածր ցուցանիշը՝ մարտի 23-ին՝ 2237,40՝ ամենաբարձր ցուցանիշի նկատմամբ նվազելով 34 %-ով, ինչը փաստորեն կազմում է այս տարվա ամենամեծ անկումը։ Դրանից հետո դանդաղ տեմպերով, սակայն աճում է ինդեքսը՝ ապրիլի սկզբին (03.04.2020) կազմելով 2488,65, մայիսի սկզբին (04.05.2020)՝ 2842,74, իսկ արդեն հունիսի սկզբին (03.06.2020)՝ 3122,87 և մոտ մեկ ամիս տատանվում է այդ արժեքի շուրջը։ Նույն պատկերը տեսանելի է նաև Դոու-Ջոնսի ինդեքսի դեպքում. փետրվարի վերջից սկսած մինչև մարտի վերջ տեղի է ունեցել կտրուկ անկում, սակայն արդեն ապրիլի սկզբից ինդեքսը դանդաղ և կայուն տեմպերով աճում է, ինչը վկայում է տնտեսության առողջացման մասին (5)։

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ արժեթղթերի շուկայում մարտյան անկումները պայմանավորված էին ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ստեղծած անորոշությամբ, սակայն հետագայում վարակը կանխատեսելի բարձր տեմպերով տարածվեց ողջ աշխարհով մեկ և ապագա իրավիճակը դարձավ ավելի ակնհայտ: COVID-19-ը դեռ երկար ժամանակ չէր նահանջի, ուստի անհրաժեշտ էր բիզնեսի գործունեությունը համապատասխանեցնել և հարմարեցնել մարդկությանը պատուհասած նոր աղետին։ Այժմ դատելով այս 2 չափազանց կարևոր ինդեքսներից՝ կարելի է եզրակացնել, որ մարտյան անկումները բարեբախտաբար անցյալում են և արժեթղթերի շուկան մտել է կայունացման փուլ:   

 

Գրականության ցանկ