Ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ ուսանողներ Տաթևիկ Ռոստոմյանի և Միքայել Նավասարդյանի համահեղինակային հոդվածը, որը ևս ընդգրկվել է «Երիտասարդ տնտեսագետներ» նախագծի շրջանակներում անցկացված մրցույթի լավագույն հոդվածների շարքում։

 

Մենք իրավունք չունենք սպառել երջանկություն` չվերարտադրելով այն:

Բեռնարդ Շոու

Աշխատանքի քննարկման հիմնական առարկան երջանկություն հասկացությունն է։ Լինելով ոչ միանշանակ, սուբյեկտիվ, բացատրության համար խրթին և վերլուծության համար՝ լայնամասշտաբ՝ հազարամյակներ շարունակ հասկացությունը եղել է, կա ու թերևս կմնա մարդկության ուշադրության կենտրոնում։ Վերջիվերջո բոլորս, անկախ բազմաթիվ հանգամանքներից, ձգտում ենք երջանիկ լինել։

«Երջանկություն» հասկացությանը անդրադաձ է կատարվել բոլոր ժամանակներում և հասարակական կյանքի բոլոր ոլորտների կողմից: Դրա ծագումը գալիս է Հին Հունաստանից։ Դեռևս նախափիլիսոփայական շրջանում հանդիպում ենք նմանատիպ հասկացությունների, որոնցից առաջինը բարենպաստ, հաջողակ ճակատագրի, բախտի հասկացությունն էր։ Դեմոկրիտեսը առաջին փիլիսոփան էր, ով դնում էր հաջողակ կյանքի գաղափարն իր դատողությունների կենտրոնում: Սակայն երջանկության առաջին օբյեկտիվ սահմանումը տվել է Արիստոտելը, ըստ որի, երջանկությունը ամենաարժեքավորն ունենալն է (1)։

Կրոնական գրավոր աղբյուրներում հաճախ տեսնում ենք հավատքի մասին՝ որպես երջանկություն տանող ճանապարհ, բայց, ցավոք, չի ներկայացվում պատճառահետևանքային վերլուծություն երջանկության վիճակին հասնելու գործընթացի վերաբերյալ: Կրոնական կյանքում երջանկությունը գոյություն ունի որպես մի ֆանտոմ (ուրվական), որի առկայությունը կարող է միայն հայտարարվել, բայց ոչ նկարագրվել կամ բացատրվել: Դրա պատճառը, ըստ երևույթին, այն է, որ որոնումն ու վերլուծությունը գիտության էությունն են, որից կրոնը առանձնացված է եղել մինչև քսաներորդ դարը (2)։

Մշակույթն ուսումնասիրելիս նաև հանդիպում ենք «երջանկության մշակույթ» արտահայտությանը, որը խորությամբ ուսումնասիրում է երջանկության ընկալումը տարբեր տարածաշրջանների կողմից:

Քննարկվող հասկացությանն անդրադարձել են նաև գիտության տարբեր ուղղություններ, ինչպես օրինակ կենսաբանությունը, քիմիան, հոգեբանությունն ու փիլիսափայությունը: Հոգեբանության մեջ առանձնացվել է մի հատված՝ երջանկության նեյրոգիտություն, որը փնտրում է գիտական հիմնավորումներ մեր երջանկության աղբյուրներին: Չենք կարող չնշել նաև ֆիզիկոս-տեսաբան Լև Լանդաուի մասին, ով ստեղծել է «երջանկության բանաձևը», որի հիմքում ընկած են 3 հիմնական տարրեր՝ աշխատանք, սեր, շփում մարդկանց հետ, որոնցից հեղինակն առավել մեծ նշանակություն տալիս է աշխատանքին։

Այսպիսով, հնուց ի վեր երջանկությունը մեկնաբանվել, ուսումնասիրվել ու գնահատվել է բազմաթիվ տեսանկյուններից, որոնք երբեմն նաև հակասական են։ Սակայն մի բան պարզ է՝ երջանկությունն ունի իր ուրույն տեղը հասարակության կյանքում, իսկ հենց հասարակության կյանքը, սպասումները, նախասիրություններն ու վարքագիծը պայմանավորում են յուրաքանչյուր երկրի տնտեսական կյանքը: Հետևաբար ինչպե՞ս կարող ենք անտեսել երջանկության դերը տնտեսագիտությունում: Վերջինս ոչ թե ներկայացնում է երջանկության զգացմունքային կողմը, այլ գնահատում է հասարակության երջանկությունը, փորձում հասկանալ դրա վրա ազդող գործոները և այն խթանող ազդակները:

Համաձայն վերջին հետազոտությունների՝ ինչքան երջանիկ է հասարակությունը, այդքան ավելի արագ կզարգանա այն տարածքը, որտեղ նրանք ապրում են: Այլ կերպ ասած, միայն տնտեսությունը չէ, որ ազդում է մեր տրամադրության վրա. այդ մեխանիզմը կարող է նաև հակառակ ուղղությամբ աշխատել: Տնտեսագիտության առավել ժամանակակից ուղղություններից վարքագծային տնտեսագիտությունը նույնպես կարելի է մեջբերել այս համատեքստում՝ որպես տնտեսության վրա անթրոպոգեն ազդեցության սոցիալական, էմոցիոնալ և կոգնիտիվ բնույթներն ուսումնասիրող շրջանակ (3)։

Տնտեսագիտական գրականությունում կա երջանկության միջազգային ինդեքս հասկացությունը, որն ընդլայնված կերպով ներկայացված է Համաշխարհային երջանկության մասին զեկույցում: Այն հատկանշական հետազոտություն է համաշխարհային երջանկության վիճակի մասին, որում ավելի քան 150 երկրներ գնահատվում են ըստ իրենց քաղաքացիների երջանկության: Համաշխարհային երջանկության մասին զեկույցն առաջին անգամ հրապարակվել է 2012թ.-ի ապրիլի 1-ին և ունեցել է շարունակական բնույթ: 2020թ.-ի զեկույցն առաջին անգամ դասակարգում է աշխարհի քաղաքները՝ իրենց սուբյեկտիվ բարեկեցությամբ, և ավելի խորությամբ վերլուծվում է այն, թե ինչպես են սոցիալական, քաղաքային և բնական միջավայրերը համատեղ ազդում մարդկանց երջանկության վրա:

Չնայած նրան, որ համաշխարհային երջանկության մասին զեկույցները հիմնված են բազմաթիվ տվյալների վրա, սակայն ամենակարևոր աղբյուրը Gallup World Poll ամերիկյան ինստիտուտն է, որը եզակի է իր հետազոտությունների և հարցումների մասշտաբներով (4): Կազմակերպության՝ կյանքի գնահատման ցուցանիշները հիմք են հանդիսանում երջանկության համաթվի ամենամյա վարկանիշային աղյուսակի կազմման համար։

Երջանկության համաթիվը երջանկության ինդեքսավորումն է՝ հիմնված հարցման արդյունքների վրա։ 2018 թվականի՝ համաշխարհային երջանկության մասին զեկույցը սահմանում է երջանկության ցուցանիշը (կամ «կյանքի սանդուղք») հետևյալ կերպ. «Պատկերացրեք սանդուղք, որի աստիճանները համարակալված են 0 – 10 (ներքևից վերև): Սանդուղքի վերին աստիճանը ներկայացնում է հնարավոր ամենալավ կյանքը Ձեզ համար, իսկ առաջին աստիճանը՝ հնարավոր ամենավատ կյանքը: Ձեր սուբյեկտիվ կարծիքով սանդուղքի ո՞ր աստիճանին եք այս պահին կանգնած»: Ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ պատասխանել է այս հարցին, որոնց պատասխաններն էլ օգտագործվել են երջանկության տարեկան համաթվի ստեղծման համար, մասնավորապես՝ տվյալ երկրում վերոնշյալ հարցման արդյունքում հավաքագրված տվյալների միջինացմամբ։

Աղյուսակ 1. Ըստ համաթվի՝ լավագույն և վատագույն հնգյակի և ՀՀ վարկանիշները 2020թ.-ի զեկույցի համաձայն (5)

Զեկույցի սզբնական հրապարակումից ի վեր առաջատար երկրները գրեթե չեն փոփոխվել: Դրանք հիմնականում բոլորիս հայտնի զարգացած երկրներն են, որոնք հիմնականում համընկնում են ըստ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի առաջատարների հետ։

Փաստորեն ստացվում է, որ հասարակության երջանկության մակարդակը մեծապես կախված է երկրի զարգացվածությունից կամ հակառակը. բնակչության երջանիկ կյանքը նպաստում է երկրի զարգացմանը: Սակայն չպետք է անտեսել նաև այլ գործոնների դերը, քանզի եթե քաղաքացին չի զգում իր կյանքի որակի վրա իր երկրի զարգացումը, ապա երջանկության մակարդակը չի կարող ավելանալ միայն տնտեսական բարձր ցուցանիշների հաշվին:

Դիրք

Երկիր

Համաթիվ

1

Ֆինլանդիա

7.81

2

Դանիա

7.65

3

Շվեյցարիա

7.56

4

Իսլանդիա

7.50

5

Նորվեգիա

7.49

...

 

 

116

Հայաստան

4.68

...

 

 

149

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն

3.48

150

Ռուանդա

3.31

151

Զիմբաբվե

3.30

152

Հարավային Սուդան

2.82

153

Աֆղանստան

2.57

Օրինակ՝ Հնդկաստանի տնտեսությունն այսօր համարվում է աշխարհի հզորներից մեկը, բայց երջանկության ինդեքսով նա զբաղեցնում է 144-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ վերջին զեկույցի համաձայն 4.68 միավորով զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը 153 երկրների շարքում։ Առաջատար Ֆինլանդիային զիջում ենք 3.13 միավորով, իսկ վարկանիշային աղյուսակը եզրափակող Աֆղանստանից առաջ ենք 2.11 միավորով։ Համաթվի անմխիթար ցուցանիշն արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս։ Տեղային պատկերացում կազմելու համար այն համեմատենք ՀՀ հարևան և ԵԱՏՄ անդամ պետությունների միևնույն ցուցանիշի հետ։

Գծապատկեր 1. ՀՀ և հարևան ու ԵԱՏՄ անդամ երկրների երջանկության համաթվերը՝ ըստ 2020թ.-ի զեկույցի (6)

Գծապատկերից երևում է, որ Հայաստանը չի զիջում միայն Վրաստանին և Իրանին: Սա նույնպես ապացուցում է այն, որ երկրի զարգացվածությունը քաղաքացիներին երջանկության բարձր մակարդակ ապահովելու միակ գրավականը չէ: Անհրաժեշտ են այլ գործոններ, որոնք երկրում կյանքի պայմանները կդարձնեն ավելի հարմարավետ, մարդիկ կունենան լավ ապրելու և ավելիին ձգտելու հնարավորություն իրենց հայրենիքում, այսինքն՝ չեն լինի խոչընդոտներ մարդու ինքնադրսևորման, աշխատանքի արժևորման և կյանքից հաճույք ստանալու համար:

ՀՀ համաթվի դինամիկ պատկերը դիտարկելիս նկատում ենք, որ վերջին տարիների ընթացքում ունեցել ենք երկու կտրուկ փոփոխություն. առաջինն առավելապես կապված էր նախաճգնաժամյան՝ տնտեսության գերտաքացման և ապա՝ ճգնաժամով պայմանավորված անկման հետ, իսկ երկրորդ ակնառու տատանումը տեղի է ունեցել 2019 թվականին: Քանի որ 2019թ.-ի զեկույցը 2018թ.-ի տվյալների ամփոփումն է, այն միանշանակ կարող ենք վերագրել 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, ինչպես նաև ժողովրդի ոգևորվածության ու համախմբվածության զգացմանը։ Ցավոք, հաջորդ տարվա հարցման արդյունքում ձևավորված երջանկության ցուցանիշը նորից նվազեց։

Գծապատկեր 2. ՀՀ և համաշխարհային միջին երջանկության համաթվերը՝ 2007-2020թթ (7)

«Երջանկության սանդուղքի» վերաբերյալ հարցումն արդեն իսկ հետաքրքիր նախաձեռնություն է, սակայն մի թիվ չի կարող պատկերացում տալ երջանկության հիմքում ընկած գործոնների մասին: Դա է պատճառը, որ համաշխարհային երջանկության զեկույցը զուտ հարցման արդյունքներով չի սահմանափակվում: Հեղինակները բացահայտել են որոշ գործոններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կարող են բացատրել երջանկության տարբերություններն աշխարհի տարբեր երկրներում: Դրանք են 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի ակնկալիքը, ազատությունը կյանքում որոշումներ կայացնելիս, առատաձեռնությունը (բարեգործության առումով) և կոռուպցիայի տարածվածությունը (8):

Այսպիսով, զեկույցներում ոչ թե պարզապես դիտարկվում են հարցման արդյունքները, այլ ուսումնասիրվում դրանց և երջանկության վրա ազդող վերոնշյալ գործոնների միջև կապերը (9):

Աղյուսակից 2-ից կարելի է գալ մի քանի ընդհանուր հետևությունների՝

  • Համաթվի հետ սերտ կապեր ունեն ընտրված բոլոր գործոնները բացի բարեգործության փոփոխականից։ Պատճառը թերևս գալիս է դրա ձևավորման հիմքում ընկած հարցման բնույթից, որը հնչել է այսպես․ «Անցած մեկ ամսվա ընթացքում գումար ուղղե՞լ եք բարեգործությանը»։ Քանի որ աշխարհում դեռևս շատ երկրներ նույնիսկ հասարակ կենսապայմանների ապահովման խնդիրներ ունեն, նրանց վերոնշյալ հարցման արդյունքները մեծապես թուլացնում են համաթվի և գործոնի միջև կապը։ Կան կարծիքներ, որ առատաձեռնության ու մեծահոգության սահմանումը շատ ավելի լայն է, քան պարզապես բարեգործությամբ այն բնորոշելը (10):

Աղյուսակ 2. Համաթվի և դրա վրա ազդող գործոնների կորելացիոն մատրիցը (11)

 

համաթիվ

ՀՆԱ/1

սոց. աջ․

առողջություն

ազատություն

բարեգ.

կոռուպցիա

համաթիվ

1.00

0.78

0.77

0.77

0.59

0.07

-0.42

ՀՆԱ/1

0.78

1.00

0.78

0.85

0.42

-0.12

-0.33

սոց․ աջ

0.77

0.78

1.00

0.74

0.48

-0.06

-0.21

առողջություն

0.77

0.85

0.74

1.00

0.45

-0.07

-0.35

ազատություն

0.59

0.42

0.48

0.45

1.00

0.25

-0.42

բարեգ.

0.07

-0.12

-0.06

-0.07

0.25

1.00

-0.28

կոռուպցիա

-0.42

-0.33

-0.21

-0.35

-0.42

-0.28

1.00

  • Բոլոր գործոնների և համաթվի միջև կորելացիոն կապը դրական է բացի կոռուպցիայի տարածվածության ցուցանիշի դեպքի, որը տրամաբանական է․ որքան տարածված լինի երկրում կոռուպցիան, այնքան ցածր կլինի երկրում երջանկության մակարդակը։
  • Գործոնների միջև առկա կորելացիայի գործակիցներից որոշները նույնպես բավականին բարձր են, հետևաբար դրանցից մեկի փոփոխությունը մյուսների վրա նույնպես կունենա իր ազդեցությունը։

Ըստ երջանկության վրա ազդող քննարկվող գործոնների՝ Հայաստանը, վերջին զեկույցի համաձայն, համեմատաբար ցածր դիրք է զբաղեցրել ըստ առատաձեռնության, ազատության և սոցիալական աջակցության ցուցանիշների։ Առավել հուսադրող վարկանիշներ գրանցել է ըստ առողջության և կոռուպցիայի տարածվածության (12) ցուցանիշների։

Գծապատկեր 3. ՀՀ զբաղեցրած դիրքերն՝ ըստ 2020թ. երջանկության համաթվի և դրա վրա ազդող գործոնների

Այսպիսով, ՀՀ երջանկության համաթիվը և դրա վրա ազդող որոշ գործոններ համաշխարհային միջինից էլ ցածր արժեքներ ունեն, որոնք ժամանակագրական առումով, ընդհանուր առմամբ, մնայուն փոփոխություններ չեն գրանցել։ Հաշվի առնելով համաթվի և համաշխարհային երջանկության մասին զեկույցում ներառված գործոնների միջև առկա կորելացիոն կապերը՝ կարող ենք ասել, որ Հայաստանի բնակչության երջանկության մակարդակի բարձրացման համար առաջնային են սեփական որոշումներում ազատության,  հասարակության կողմից փոխադարձ աջակցության, ինչպես նաև երկրում բնակչության նյութական ապահովվածության ցուցանիշների բարելավումը։ Արդյունքում կավելանա ՀՀ քաղաքացիների երջանկությունը, որն էլ նպաստավոր պայմաններ կստեղծի երկրի զարգացման համար։

Գրականության ցանկ

  1. World Happiness Report 2020,

https://happiness-report.s3.amazonaws.com/2020/WHR20.pdf

  1. Аня Скляр, История понятия счастья,

https://anchiktigra.livejournal.com/774195.html

  1. Амангали Идрисов, Ключ к счастью: Религия и счастье, 17 ноября 2015, https://self.wikireading.ru/18665
  2. Kirkpatrick, Charles D․, Dahlquist, Julie R. Technical Analysis, The Complete Resource for Market Technicians, 2007, p. 49
  3. Happiness Index: What is it and How does it work?,       https://www.trackinghappiness.com/happiness-index-2018/

1. Аня Скляр, История понятия счастья, https://anchiktigra.livejournal.com/774195.html

2.  Амангали Идрисов, Ключ к счастью: Религия и счастье, 17 ноября 2015, https://self.wikireading.ru/18665

3. Kirkpatrick, Charles D., Dahlquist, Julie R. Technical Analysis, The Complete Resource for Market Technicians, 2007, p. 49

5. https://happiness-report.s3.amazonaws.com/2020/WHR20_DataForFigure2.1.xls 

6. https://happiness-report.s3.amazonaws.com/2020/WHR20_DataForFigure2.1.xls

10. Happiness Index: What is it and How does it work?, https://www.trackinghappiness.com/happiness-index-2018/

11. Հաշվարկն իրականացվել է Eviews վիճակագրական հավելվածի միջոցով, տվյալների աղբյուրը՝ https://happiness-report.s3.amazonaws.com/2020/WHR20_DataForFigure2.1.xls

12. Որքան ցածր է կոռուպցիայի տարածվածության մակարդակը, երկիրն այդքան բարձր դիրք է զբաղեցնում: